Եթե մեզ մեղադրում են, որ ճնշում էինք պատգամավորներին, ինչո՞ւ մեկ մարդու պես չքվեարկեցին ԸՕ-ին. Լենա Նազարյանը՝ ՀՀԿ-ին

Եթե, ինչպես երեկ ԱԺ-ում ԸՕ-ի քննարկման ժամանակ պնդում էին հանրապետական պատգամավորները, նրանց վրա ճնշումներ էին գործադրվում, ուրեմն ինչո՞ւ ԸՕ-ն չընդունվեց:

Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը, ում զարմացրել են վերլուծությունները, որ Փաշինյանի կառավարությունը բավարար ջանքեր չգործադրեց նոր Ընտրական օրենսգիրքն ընդունելու համար: «Իսկ ո՞նց են գնահատում բավարար ջանք չգործադրելը, ուզում եմ հասկանալ»,- ասում է Լենա Նազարյանը:

«Ինչ է նշանակում աշխատել: Մենք, իհարկե, մի շարք պատգամավորների հետ հանդիպումներ ունեցել ենք և բացատրել ենք  անհրաժեշտությունը, հիմնավորել, մարդիկ կան, ովքեր համաձայնել են, պաշտպանել են նախագիծը, կան պատգամավորներ, որոնք այդպես էլ չեն համոզվել: Հիմա մեր աշխատանքի դերը դա է եղել խորհրդարանական բանակցությունների մեթոդով: Եթե իրենք ասում են, որ ճնշումներ են գործադրվել, հիմա կարո՞ղ են պատասխան տալ, բա որ ճնշումներ են գործադրվել, բա ինչի մեկ մարդու պես չեկան ու չքվեարկեցին»,-հարցնում է Լենա Նազարյանը:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը երեկ մեղադրեց Հայաստանի նոր իշխանություններին՝ ԱԺ-ի մոտ ժողովուրդ չհավաքելու գնով ճնշում չգործադրելու համար, իսկ քաղաքագետ Գագիկ Համբարյանն էլ ասաց, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հոգեբանորեն պատրաստ էր անցնել «պլան Բ»-ին՝ հին Ընտրական օրենսգրքին:

Ավելին՝ քաղաքագետը նշել էր, որ միգուցեև Հայաստանի քաղաքական նոր իշխանությանը պետք չէր այդ պակասող մեկ ձայնը ստանալը, մանավանդ, որ մայիսի 8-ից հետո ԱԺ-ում եղել է 1-2 սահմանադրական օրինագծի քվեարկություն:

Այսինքն՝ կառավարությունում քաղաքական մեծամասնությունը՝ իշխանությունը, նաև ըստ ՀՀԿ-ականների ակնարկների, մեծ  ցանկության դեպքում կարող էր ունենալ այդ պակասող 1 ձայնը:

Լենա Նազարյանն, ի պատասխան, զարմացավ ու շարունակեց. «Ինչո՞ւ պետք չէր, մենք նախագիծը մշակեցինք, փոխվարչապետը գնաց Վենետիկի հանձնաժողով, ներկայացրեց, համոզեց, հիմնավորեց և նաև ինչ-որ առումով հավանության արժանացրեց այդ նախագիծը: Ասենք՝ պարապ էինք հա՞…»:

Դիտարկմանն էլ, թե հանրապետականներն անընդհատ նշում էին, որ որքան էլ կառավարության ներկայացուցիչները նշեն, որ ամեն ինչ նորմալ է, Վենետիկի հանձնաժողովը չի առարկում նոր ԸՕ-ին՝ պայմանով, որ լինի կոնսենսուս, բայց Եվրոպայի Խորհրդի անդամ որևէ երկրում ընտրություններից 42 օր առաջ ընտրություն չեն անում,  ու ի վերջո, կառավարությունն էլ հասկացավ, որ խնդիրներ են լինելու, ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց. «Խնդիրներ չէին լինելու, որովհետև ընթացակարգերը հեշտանում էին, նաև ընտրողների համար ու ավելի ժողովրդավարական էին դառնում»:

Մյուս կողմից, որոշ վերլուծաբաններ արդեն իսկ կարծիք են հնչեցրել, որ հին Ընտրական օրենսգրքով ԱԺ-ում ներկայացված չեն կարող  լինել նորաբաց կուսակցություններն ու «Սասնա ծռերը», իսկ նորով, շնորհիվ բոնուսային համակարգի, կարող էին հաղթահարել նոր ԸՕ-ով իջեցված ընտրական շեմը: Այս մասին Լենա Նազարյանն ասաց, որ չեն առաջնորդվում տրամաբանությամբ, թե որ ուժերը կանցնեն, որոնք՝ ոչ, ու օրենքները գրում են այնպես, որ իրենց հարմար լինի:

«Մեզ հարմար լինի, ուրիշին՝ ոչ, մենք այստեղ նման խորը մտածված  ու հեռուն գնացող կանխամտածված քայլեր չենք անում: Մենք պարզապես ուզում ենք, որ քաղաքական դաշտը հասանելի լինի այն բոլոր հնարավոր գործիչների համար, ովքեր ասելիք ունեն  հանրությանը և, ի վերջո, հանրությունը կորոշի՝ թույլ տա այդ մարդկանց իրենց գաղափարներն ԱԺ-ում ներկայացնել, թե ոչ: Մենք որպես կառավարող ուժ պարտավոր ենք նման պայմաններ ստեղծել հավասարապես բոլորի համար»,-ասաց Լենա Նազարյանը:

Եվ նաև Լենա Նազարյանը հարցնում է՝ ինչու են մտածում, որ հատկապես մեկին է կառավարող քաղաքական ուժն ուզում ներկայացված տեսնել, իսկ մյուսի հնարավորությունները սահմանափակվել: «Մենք այդ տրամաբանությամբ չենք գործում, մենք ուզում ենք քաղաքական դաշտը հնարավորինս ընդլայնել, որպեսզի ԱԺ-ն բազմակարծիք լինի»,- եզրափակեց նա:

 

https://www.tert.am/am/news/2018/10/30/Lena-nazaryan/2831847

Be the first to comment on "Եթե մեզ մեղադրում են, որ ճնշում էինք պատգամավորներին, ինչո՞ւ մեկ մարդու պես չքվեարկեցին ԸՕ-ին. Լենա Նազարյանը՝ ՀՀԿ-ին"

Leave a comment

Your email address will not be published.


*