Ազնավուրը մեծ մարդ էր, հանճար. Ժերեմի Դելվերը՝ Հայաստանի, Ազնավուրի ու մյուզիքլում երգելու մասին

Նա ընդամենը մեկ հայկական երգ երգեց ու այդ երգով կարողացավ գրավել աշխարհի բոլոր ծայրերում ապրող հայերի սրտերը:Ֆրանսիացի բարիտոն, ֆրանսիական ազգային գվարդիայի երգչախմբի անդամ Ժերեմի Դելվերը համահայկական սիրո արժանացավ այն բանից հետո, երբ լեգենդար Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողության ժամանակ գեղեցիկ մեկնաբանությամբ ներկայացրեց «Հայկական վալս» ստեղծագործությունը՝ չտիրապետելով հայերենին: Դելվերը Հայաստանում է, Երևանում մասնակցում է «Քեզ համար, Ազնավուր» խորագրով համերգին՝ այստեղ ներկայացնելով հայերի սրտերը գերած ստեղծագործությունը:

Ժերեմին անկեղծանում է՝ իր փոխարեն կարող էր լինել ցանկացած այլ երգիչ, որովհետև Ֆրանսիայում բազում տաղանդավոր արտիստներ կան: Բայց բախտը ժպտաց հենց իրեն: Երգիչը պատմում է Հայաստան այցի, Շառլ Ազնավուրի երգերի ու մյուզիքլում երգելու երազանքի մասին:

Համահայաստանյան սեր՝ մեկ երգից հետո

Չէի սպասում, որ երգից հետո նման արձագանք կլինի: Ֆրանսիական ազգային գվարդիայի երգչախմբում բոլորս շատ զարմացանք նման արձագանքից, որովհետև պարզապես մեր գործն էինք անում: Մենք Ֆրանսիայում հաճախ ենք ելույթ ունենում մեծ մարդկանց հրաժեշտի արարողություններին: Շատ կարճ ժամանակ ունեինք կազմակերպչական առումով ամեն ինչ հասցնելու համար: Մենք շատ կենտրոնացած էինք աշխատում ու, անկեղծ ասած, չէինք սպասում նման արձագանքի, աղմուկի, սիրո:

Սեր երաժշտության նկատմամբ

Ես երաժիշտների ընտանիքից չեմ: Սովորել եմ պատմություն և աշխարհաքաղաքականություն, դրանից հետո ընդունվել կոնսերվատորիա, և իմ կյանքը փոխվել է: Երգել եմ տարբեր երգչախմբերում, հետո հայտ եմ ներկայացրել՝ երգելու Ֆրանսիական ազգային գվարդիայի երգչախմբում: Տղամարդկանց ֆանտաստիկ խումբ է, որը ղեկավարում են երկու կին: Մենք բազմաթիվ արարողությունների ենք մասնակցում, Ֆրանսիայում համերգներ տալիս: Երբեմն ելույթ ենք ունենում եվրոպական երկրներում:

Երբ փոքր էի, և ռադիոյից երաժշտություն էր հնչում, միշտ ձայնակցում էի, երգում: Այդ թվում՝ նաև Շառլ Ազնավուրի երգերը: Բայց այդ ժամանակ դասական երաժշտություն չէի պարապում: Ֆրանսիայում ավագ դպրոցում սովորելու տարիներին բացահայտեցի դասական երաժշտությունը: 20 տարեկան էի, երբ ընդունվեցի կոնսերվատորիա, հիմա գրեթե 34 տարեկան եմ:

Որևէ գործիք չեմ նվագում: Իմ միակ գործիքը ձայնս է:

Ֆրանսիական ազգային գվարդիայի երգչախմբի հնարավոր այցը Հայաստան

Իհարկե, ես սիրում եմ դասական երաժշտություն, բայց սիրում եմ նաև ջազ: ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ եղանք «Մեցցո» ակումբում: Ուղղակի հիասքանչ էր: Ջազ շատ եմ սիրում, իմ տանն էլ շատ եմ ջազ երաժշտություն լսում, որովհետև այն շատ գեղեցիկ է:

Մենք Լիլիթ Մակունցի և Ժոնաթան Լաքոտի հետ քննարկել ենք ֆրանսիական ազգային գվարդիայի երգչախմբի՝ Հայաստանում հնարավոր հյուրախաղերի կազմակերպումը: Մեր երգչախումբն այնքա՜ն գեղեցիկ երկացանկ ունի, հուսով եմ, որ մի օր կկարողանանք այն ցույց տալ հայ ունկնդրին: Իհարկե, դա կապված է մեծ ծախսերի հետ, որովհետև երգչախմբում 40 երգիչ է, գումարած՝ դաշնակահար, դիրիժորներ, դիրիժորի ասիստենտ և այլք: Գիտեմ, որ հեշտ նախագիծ չէ: Բայց ես ցանկանում եմ իմ գործընկերներին ցույց տալ Հայաստանը, որովհետև դուք հիանալի, ջերմ, բարի մարդիկ եք: Նրանք արժանի են տեսնելու այս ամենը: Ազնավուրի հոգեհանգստին միայն ես չէի երգում: Նրանք բոլորն ինձ հետ էին: Ես այսօր այստեղ մենակ եմ, և նրանք էլ պետք է գան Հայաստան:

Երաժշտությունն ու արշավները

Ես շատ եմ սիրում արշավների մասնակցել, սարեր մագլցել, գեղեցիկ բնապատկերներ տեսնել: Ֆրանսիան շատ գեղեցիկ երկիր է: Հուսով եմ՝ նաև Հայաստանում էլ արշավների կմասնակցեմ: ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանն ինձ հրավիրել է իր հետ արշավի: Հուսով եմ՝ կատակ չէր, որովհետև շատ եմ սիրում արշավներ: Եվ հույս ունեմ, որ կիրականացնենք այդ գաղափարը, որովհետև այստեղ հիասքանչ բնապատկերներ կան: Բնաշխարհն ինձ ոգեշնչում է, ես շատ եմ սիրում լինել բնության գրկում:

Բացի այդ, շատ եմ սիրում ոչինչ չանել: Ուղղակի հանգստանալ գյուղում: Սիրում եմ հանդիպել ընկերներիս հետ: Ընկերներիցս շատերն են երաժիշտներ, հաճախ չենք հանդիպում, քանի որ մշտապես շրջագայությունների մեջ ենք:

Ես վայելում եմ կյանքը: Կյանքն իրոք շատ կարճ է, պետք է պարզապես վայելել այն:

Ես ֆրանսիացի եմ, սիրում եմ նաև համեղ սնվել, լավ գինի ըմպել: Այստեղ պարզապես հիանալի գինի խմեցի: Հայկական խոհանոցը շատ լավն է, Գառնիում շատ համեղ խորոված համտեսեցինք:

Հայաստանում հանդես գալը՝ մեծ պատիվ

Պետք է ասեմ, որ այստեղ շատ բան չեմ հասցրել տեսնել: Բազում լրագրողների հանդիպեցի (ծիծաղում է): Գրաֆիկս հագեցած է բազում հանդիպումերով, փորձերով: Շատ կարճատև ճանապարհորդություն է:  Արդեն հանդես եմ եկել օպերային թատրոնում: Շնորհակալ եմ Հայկ Պետրոսյանին Շառլ Ազնավուրին նվիրված այս հիանալի համերգը կազմակերպելու համար:

Մեծ պատիվ է, որ ինձ հրավիրել են, որովհետև, գիտե՞ք, ես պարզապես լավ երգիչ եմ, բայց իմ երկրում այնքա՜ն լավ երգիչներ կան: Ես ինձ շատ բախտավոր եմ համարում, որ այստեղ եմ:

Բացահայտելով Ազնավուրին

Ես շատ փոքր էի, երբ բացահայտեցի Շառլ Ազնավուրին: Իմ մայրիկն ու հայրիկը շատ են լսել ֆրանսիական երգեր, այդ թվում՝ Շառլ Ազնավուրի գործերը: Ազնավուրը կարծես եղել է իմ ընկերը: Ես երեք անգամ հեռվից տեսել եմ նրան, բայց անձնապես չեմ ճանաչել: Բայց ես նրա երկրպագուն եմ եղել:

Շատ սիրելի երգեր ունեմ նրա երկացանկից՝ La Bohème-ը, La mamma-ն, Mourir d’aimer-ը, Hier Encore-ը… Գիտե՞ք, այնքա՜ն շատ են: Ազնավուրը մեծ մարդ էր, հանճար, այնքա՜ն երգեր ունի գրած:

Մյուզիքլում երգելու երազանք

Քանի որ ես դասական երգիչ եմ, շատ եմ երգում նաև օպերային ստեղծագործություններ: Հաջորդ ամիս երգելու եմ Փարիզի Opéra Comique-ում: Հույս ունեմ, որ  մի օր Բրոդվեյի որևէ մյուզիքլում կերգեմ: Երևի, սա իմ երազանքն է:

Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

 

https://www.1in.am/2451913.html

Be the first to comment on "Ազնավուրը մեծ մարդ էր, հանճար. Ժերեմի Դելվերը՝ Հայաստանի, Ազնավուրի ու մյուզիքլում երգելու մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*