Դերասանուհի Ադրիանա Գալստյանը, կարճ ժամանակ առաջ հայտնի դարձավ հանրությանը, սակայն ֆիլմերում նկարահանվելու առաջարկների պակաս չունի։ Tert.am Life–ի հետ զրույցում Ադրիանան խոսել է գործունեության այս փուլի,  իրեն հաջողակ համարելու և անձնական կյանքում նորություն ունենալու խոսակցությունների մասին։

«Նռան հատիկում» Ադրիանայի կերպարի անունը ևս Ադրիանա է։ Դերասանուհին նշեց, որ դա չի եղել իր  ընտրությունը։ Նա նկատեց, որ ֆիլմում չի խաղում ինքն իրեն, կերպարի հետ ունեն  ինչպես նմանություններ, այնպես էլ տարբերություններ։ Պարզվում է` հերոսուհու պես Ադրիանան էլ սիրում է երգել, ավելին, փոքր տարիքում հաճախել է երաժշտական դպրոց, ունեցել է իր երգերը։

«Հերոսուհիս  երազում է երգչուհի լինել։ Միանշանակ, ֆիլմում կլինեն երաժշտական համարներ։ Հավաքված է  լուրջ անձնակազմ, որը մտածում է կերպարի զարգացման ուղղությամբ։ Նույնիսկ, հնարավոր  է, լինի հեղինակային երգ, սակայն դա կախված է ժամանակից։ Երգելն ինձ համար ամենաբարդ մասնագիտություններից մեկն է։ Միայն քաղցր ձայն ունենալը դեռ չի նշանակում լավ երգել։ Իմ կերպարը ոչ թե երգչուհի է, այլ ուզում է լինել երգչուհի։ Այդ իսկ պատճառով, անգամ, եթե ունենանք ոչ կատարյալ երաժշտական համարներ, դա կերպարով արդարացված կլինի։ Երգելն ինձ համար հոբբի է։ Փոքր տարիքում ունեցել եմ իմ երգերը։ Հիմա երգում եմ ստուդիայում, ունեմ երգերի cover տարբերակներ։ Մտածում եմ սիրողական երաժշտական գործունեություն ծավալելու մասին»,– ասաց նա։

 

 

Ադրիանան մասնագիտությամբ թարգմանչուհի է։ Երիտասարդ աղջիկների  համար երազանք է հեռուստատեսությամբ երևալը, հայտնի դառնալը, սակայն նա պնդում է, որ իր դեպքում այդպես չէ։ «Չեմ ուզում շաբլոն երևալ, սակայն ինձ չի գրավել հայտնի լինելու փաստը։ Ի սկզբանե, ես նպատակ ունեի ընդունվել ԵՊՀ` Լեզուների բաժին, լավ տիրապետել անգլերենին, ինչը ստացվեց ինձ մոտ։ Երբ մտածում էի հետագա աշխատանքիս մասին, հասկացա, որ շատ եմ սիրում նկարահանվել, դերասանությունը հենց այն է, ինչով ցանկանում եմ զբաղվել։ Որոշեցի մտածել այդ դաշտում գործունեություն ծավալելու մասին, մասնակցեցի քասթինգների։ Ճանապարհը հեշտ չէր, սակայն հաջողությունը երբեք չի լքել ինձ։ Ես կարծում եմ, որ ինչ–որ չափով հաջողակ եմ, որովհետև հաջողություն է կատարել սիրած աշխատանքն ու դրա համար վարձատրվել։ Ինչ վերաբերում է հայտնիությանը, այսօր յուրաքանչյուրը կարող է հեշտությամբ հայտնի դառնալ` համացանցի միջոցով։ Շատ ավելի կարևոր է սիրված ու գնահատված լինել, նվիրված լինել աշխատանքին, հասկանալ, որ դու դա չես անում միայն քո ու գումարի համար»,– ասաց երիտասարդ դերասանուհին` հավելելով, որ հաճելի է անծանոթ մարդկանց կողմից դրական արձագանքներ ստանալ։ Նա նկատեց, որ հանրության կողմից պահանջարկն ազդում է նաև առաջարկների վրա։